ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցության ժամանակավորապես սահմանափակումը երկարաձգել մինչև մարտի 24-ը։ «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՀՀ կառավարության 2020-ի փետրվարի 24-ի «ԻԻՀ հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) «Երկշաբաթյա ժամկետով» բառերը փոխարինել «Մինչև 2020-ի մարտի 24-ը ներառյալ» բառերով»,-ասված է կառավարության որոշման տեքստում։
Կառավարության որոշմամբ՝ կսահմանափակվի նաև բեռնատարների մուտքը Հայաստան։
Եթե կառավարության փետրվարի 24-ի որոշմամբ նախատեսվում էր Իրանից Հայաստան մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների (դրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն», այժմ կթույլատրվի միայն Վրաստանից վերադարձով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վերադարձը Իրան՝ ՀՀ տարածքով։