Ճապոնիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Սեյկո Հաշիմոտոն մարտի 3-ին ասել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ պայմանագիրը հնարավորություն է տալիս խաղերը հետաձգել մինչև տարեվերջ, քանի որ պայմանագրում նշված է, որ դրանք անցկացվելու են 2020 թվականին:
Ըստ գրաֆիկի՝ Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Ճապոնիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիհիդո Սուգան մարտի 4-ին ասել է, թե կառավարությունը շարունակում է նախապատրաստական աշխատանքները: Բոլոր դեպքում խաղերը հետաձգելու, չեղարկելու որոշում կարող է ընդունել միայն Միջազգային օլիմպիական կոմիտեն:
ՄՕԿ-ի մամուլի խոսնակ Մարկ Ադամսը մարտի 3-ին հայտարարել է, որ խաղերն անցկացվելու են ըստ գրաֆիկի: Նա նշել է, որ անգամ ճամփորդությունների արգելք չկա, համաճարակ չի հայտարարվել: Ամեն դեպքում նա ընդունել է, որ որոշ բարդություններ կան, բայց համատեղ աշխատանքներ են տարվում մրցումները կազմակերպելու համար: Ճապոնիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են հազարի, մեծ մասը Յոկոհամայի նավահանգստում կայանած Diamond Princess զբոսանավի ուղևորներն են: