Իտալիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչները Հռոմում քննարկել են կորոնավիրուսի ազդեցությունը խաղերի ժամանակացույցի վրա: Մտահոգություններ կան, որ կորոնավիրուսի պատճառով առաջնությունը հնարավոր է չավարտվի:
Մեկ տասնյակ հանդիպում հետաձգվել է և պետք է տեղի ունենա առաջնության վերջին երկու շաբաթներին: Իտալիայում մարզական զանգվածային միջոցառումները արգելված են երեք նահանգներում և երկու շրջաններում: Տարբերակ կա ֆուտբոլային խաղերն անցկացնել առանց հանդիսատեսների, բայց թիմերը գերադասում են չդիմել այդ քայլին:
Առանց հանդիսատեսի միակ հանդիպումը ՈւԵՖԱ-ի շրջանակներում անցկացվել է Եվրոպայի լիգայի առաջնությունում Միլանի «Ինտեր» ու բուլղարական «Լյուդոգորեց Ռազգրադ» ակումբների միջև: Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղերը, որ պետք է տեղի ունենային մարտի 4-ին և 5-ին, անորոշ ժամկետով հետաձգվել են:
Մարտի 3-ի տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի, վարակված մարդկանց թիվը ավելի քան 2,5 հազար է: Եվրոպական երկրների շարքում Իտալիայում կորոնավիրուսի հետևանքներն ամենավատն են: