Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին որոշման նախագծի վերաբերյալ ԲՀԿխմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա կոչ արեց վերանալ անձնական պիտակավորումներից, և ներկայացրեց իր մտահոգությունները:
Անդրադառնալով թալանածը ժողովրդին վերադարձնելու դիտարկումներին՝ պատգամավորն ասաց. «ՀՀ Սահմանադրության համաձայն՝ դատախազությունը թալանածը ժողովրդին վերադարձնելու իրավասություն չունի, իսկ եթե դուք, ժողովուրդ ասելով, նկատի ունեք պետական բյուջե, շատ լավ է, բայց ես ուզում եմ բոլորս միասին և հարգարժան պարոն նախարար դուք ևս, նույն ջանասիրությամբ աչքերը բացենք այսօրվա իրականության նկատմամբ. ընդամենը 300 մետր ներքև մի գեղեցիկ հիմնարկ կա, վրան էլ փակցված ՀՀ դրոշը, որտեղ մի նորընտիր դատավոր կա, որ ասում է՝ ես աշխատանքի չեմ գնում, քանի որ այնտեղ Սահմանդրական դատարան չկա»,- ասաց Պետրոսյանը և հավելեց, որ նա նաև գումար և խրախուսանք է ստանում:
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ աշխատանքի վայր գնալը դեռ աշխատել չէ, աշխատանքի գնալն աշխատանք կատարելն է, աշխատավարձը աշխատանքային պարտականությունների կատարման դիմաց տրվող վարձատրություն է և այն տվյալ անձին չի տրվում զուտ այդ պաշտոնում լինելու համար: Պատգամավորը նշեց, որ ընդհանուր առմամբ գաղափարը ողջունելի է, և կոչ արեց, որ իրենց այս քննադատությունը չհամարվի թալանածը վերադարձնելուն դեմ դիրքորոշում: «Մենք ուղղակի ուզում ենք, որ ցանկացած ճիշտ և արդարացի նպատակ հնարավոր լինի հաղթահարել օրենքով թույլատրելի, ընդունելի միջոցով»,-հավելեց նա: