«Թուրքիան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք կողմ չէ, հետևապես օբյեկտիվորեն չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ», - ասված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում։ Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեն Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, որը հնչեցվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ, ԼՂ ԱԳՆ-ն պատասխանել է. «Թուրքիան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք կողմ չէ, հետևապես օբյեկտիվորեն չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ։ Փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է. սկսած 1988-ից՝ ղարաբաղյան շարժման սկզբնավորումից, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Թուրքիան սատարել է ադրբեջանական կողմին: Ավելին՝ 2016-ի ապրիլին Թուրքիան բացահայտ աջակցել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես, միջազգային հանրության կոչերին՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները»։
ԼՂ ԱԳՆ հայտարարությունում նշված է. «Անկարայի՝ Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու քաղաքականությունը ոչ միայն հակասում է Թուրքիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի կարգավիճակին, այլև խափանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը»։