Մոտ 20 տարի Հայաստանում իշխած և 2018-ի թավշյա հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած ՀՀԿ ղեկավար մարմնի՝ խորհրդի, 3 անդամներ Լեռնիկ Ալեքսանյանը, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը դուրս են եկել կուսակցությունից՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրելով կուսակցությունում քրեաօլիգարխիկ բարքերի ամրապնդման մեջ՝ «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։ Նա մանրամասնեց, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը գրել են դեռ հունվարի 13-ին։
«Դուրս ենք եկել անդամությունից՝ հունվարի 13-ին, ես, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը», - ասաց Ալեքսանյանը։ Հարցին, թե ինչո՞ւ են նման որոշում կայացրել, նա արձագանքեց. - «Հիմնականում կուսակցության ղեկավարության վարած քաղաքականությունից, գծից դժգոհություն»։ Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի, իրենց չէր գոհացնում, որ «կուսակցությունը դարձել էր պրոֆմիություն, քրեաօլիգարխիկ համակարգի դարձրած, որ կուսակցության մեջ ներխուժեցին, եկան շատ-շատերը, որոնք կուսակցության գաղափարախոսության, քաղաքականության հետ կապ չունեն, կուսակցության մեջ գրավեցին բավականին դիրքեր»։ Հարցին՝ «Դուք կարծում եք՝ Սերժ Սարգսյանի օրոք էդ քրեաօլիգարխիկ կարգերը ամրապնդվեցի՞ն», նա պատասխանեց. - «Շարունակվեցին և ամրապնդվեցին, այո»։