Երբ ես հաղթել եմ Վիկտոր Դալլաքյանին, դա Հայաստանում մի ցնցող դեպք է եղել։ Դրանով քաղաքական համակարգում մեծ փոփոխություն է տեղի ունեցել, որովհետև այն անհնարինության կոմպլեքսը, որ անհնար է մեծամասնական ընտրակարգով ընտրվել, կոտրվել է, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Շատ սխալ է ասել, որ ես Վիկտոր Դալլաքյանին եմ հաղթել, որովհետև 5 թեկնածու է եղել։ 5 թեկանծուի մեջ ես ընտրվել եմ պատգամավորը, և եթե ես լինեի ոչ մեկ, լինեի «նիկտո», չէի կարողանա ընտրվել։ Բայց այսօր որևէ մեկը, որը «նիկտո» է, ուզում է սևացնել մեր անցած ճանապարհը, չի ստացվի», - ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ իշխանությունն այսօր ատելության «թիվ մեկ «ռուպրն» է դարձել»։ Պատգամավորը շեշտեց՝ ինքն անելիք չունի «Ոչ»-ի թաղում կազմակերպած ուժի հետ (նկատի ունի Էջմիածնում իշխանության կողմակիցների՝ նախօրեին կազմակերպած «Ոչ»-ի թաղման արարողակարգը)։ «Թաղումն անողը թող թաղումներով զբաղվի, վաղը, մյուս օրը պետք է պատասխան տա», - ասաց Մարուքյանը։