ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետի հիշատակին: 24news-ի հետ զրույցում Հրայր Թովմասյանն ասել է, որ Վազգեն Սարգսյանն ուժեղ մարդ էր և նրա վաղաժամ կյանքից հեռանալը մեծ կորուստ էր պետականության համար. «Շատ չեմ շփվել Սպարապետի հետ, բայց մի քանի շփումները բավարար էր՝ հասկանալու պարզությամբ հանդերձ նրա խորությունը, հասկանալու, թե որքան էր սիրում իր հայրենիքը, ոնց էր ոտքերով հողի մեջ»,- նշել է ՍԴ նախագահը:
Հրայր Թովմասյանը նաև մեկ պատմություն է հիշել Վազգեն Սարգսյանի հետ հանդիպումներից մեկից. «1998-ին էր, նա ՊՆ նախարար էր և զանգել էր Վիկտոր Դալաքյանին ասել՝ հլը էդ ընտրական օրենսգիրքը բերեք, ես պետք է նայեմ: Գնացինք իր մոտ, փոքրիկ սեղան էր, հաց կերանք, վերջում ասաց՝ դե լավ, գնացեք, ասացինք՝ բա ընտրական օրենսգիրքը, ասաց՝ վայ, բերել եք, վերցրեց, թերթեց, ասաց՝ լավ է: Դալաքյանն ասաց՝ շեֆ, բա չես նայում, պատասխանեց՝ չէ, ուղղակի ուզում էի տեսնեի զուտ ֆիզիկապես կա՞, թե՞ ոչ: Ասաց՝ թե չէ մեկ-մեկ զեկուցում են՝ «կազարման» սարքել են, գնում եմ, տեսնում եմ, որ հիմքերն էլ չկան: Կարևորը, որ կա, մնացածը դուք ինձնից լավ գիտեք»: