Այսօր առավոտյան ժամը 5.30-ի սահմաններում Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, հաղորդում է ՊՆ-ն:
«Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են», - ասված է ՊՆ հաղորդագրությունում: Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է ոչ ադրբեջանական ականորսիչ: