ԱՄՆ-ն և Թուրքիան ցանկանում են «իրական» զինադադար հաստատել Իդլիբում, հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։
«Ռուսները մերժեցին փոխզիջումային մեր բոլոր առաջարկները, նրանք ճնշում են գործադրում` ռազմական հաղթանակի նպատակով։ Թուրքերը հիմա պնդում են, և մենք հարյուր տոկոսով աջակցում ենք նրանց, որ դա պետք է լինի իրական, մշտական հրադադար», - ասել է Ջեֆրին CBS News-ին հարցազրույցում՝ հավելելով, որ Իդլիբում կողմերին անհրաժեշտ է հստակ «սահման, որը ոչ ոք չի հատի»։
Նրա խոսքով՝ եթե Իդլիբում իրավիճակը վատանա, կհանգեցնի «հումանիտար աղետի» և «վտանգավոր աշխարհառազմավարական էսկալացիայի»։
«Ստեղծված իրավիճակը վտանգավոր միջազգային դրություն է, պետք է վերահսկել հրադադարի միջոցով», - հավելել է նա: «Ես չեմ կարծում, որ ռուսներն ու Ասադը կհաղթեն Իդլիբում։ Թուրքիայի չնահանջելու պատճառն այն է, որ նրանք կունենան 3 մլն նոր փախստական, ի լրումն 4 մլն փախստականների, որոնք արդեն եկել են Սիրիայից։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանա հաղթահարել այդ խնդիրը», - ասել է Ջեֆրին։