ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Մոսկվայում ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպմանը ձեռք բերված որոշումը սիրիական Իդլիբում հրադադարի մասին և խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին:
«Իհարկե, ես ուրախ եմ հրադադարի կապակցությամբ: Սա լավ նորություն է և նախադրյալ է Իդլիբի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Տեսնենք, թե ինչպես կաշխատի», - ասել է Բորելը Զագրեբում Սիրիայի հարցով ԵՄ ԱԳ նախարարների արտակարգ հանդիպումից առաջ:
Պատասխանելով լրագրողների հարցին` ժամանակը չէ՞ շտկել հարաբերությունները Ռուսաստանի հետ, նա պատասխանել է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց հիման վրա անհրաժեշտ է բարելավել շփումներն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Թուրքիայի հետ: «Շատ թեմաներ կան, որ մենք պետք է քննարկենք: Հենց այդ պատճառով էլ այսօր այստեղ ենք», - ասել է Բորելը: