Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրոպան միգրանտների հարցում չպետք է տեղի տա Թուրքիայի ճնշմանը: «Մենք Հունաստանի վրա կազմակերպված գրոհի ենք ենթարկվում Թուրքիայի և նախագահ Էրդողանի կողմից… Դա պլանավորված և նպատակաուղղված գրոհ է, որը կառավարվում և կազմակերպվում է պետության կողմից: Եվրոպան չպետք է տեղի տա այդ ճնշմանը», - հայտարարել է Կուրցը «Funke» մեդիա խմբին հարցազրույցում՝ պատասխանելով հույն-թուրքական սահմանին 13 000 փախստականների ճակատագրի վերաբերյալ հարցին: Կուրցի կարծիքով՝ եթե այդ մարդիկ վերջ ի վերջո հայտնվեն Կենտրոնական Եվրոպայում, հետագայում միգրանտների թիվը կտրուկ կաճի: «Շուտով դրանք կլինեն հարյուր հազարներ, իսկ ավելի ուշ` միլիոններ: Ի վերջո մենք կարող ենք ստանալ նույնպիսի իրավիճակ, ինչպես 2015-ին», - ավելացրել է նա։