Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր Վատիկանում առաջին անգամ կիրակնօրյա քարոզը տեսակապով է ընթերցել: Նա փոխել է քարոզով հավատացյալներին դիմելու ձևաչափը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Վատիկանում` Սուրբ Պետրոսի հրապարակում, պապի քարոզը լսելու համար հավաքվում են տասնյակ, երբեմն՝ հարյուր հազարավոր մարդիկ աշխարի ամենատարբեր երկրներից: Այսօր Ֆրանցիսկոս պապն «Աստծո հրեշտակ» (Angelus) աղոթքը կարդացել է ոչ թե Վատիկանի Առաքյալական պատուհանից, այլ գրադարանից:
Աղոթքը հեռարձակվել է տեսակապով և ցուցադրվել է Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա, սակայն հրապարակում հավաքված մարդկանց թիվն իշխանությունը սահմանափակել է: Պապի աղոթքը հեռարձակել են նաև հեռուստատեսությունը և կայքերը: «Մենք այսպես ենք աղոթում՝ հաշվի առնելով կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու մասին իտալական կառավարության հանձնարարականը»,- աղոթքից առաջ ասել է Ֆրանսցիսկոս պապը: