Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ` կարևորելով
Եվրախորհրդարանում հայ խորհրդարանականների և ԵԺԿ խմբակցության պատգամավորների սերտ ու ակտիվ համագործակցությունը:
Դոնալդ Տուսկը նշել է. «Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»: ԵԺԿ նախագահն ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում տեղի հանրության և քաղաքական գործիչների շրջանում ՀՀ նոր իշխանությունների և անձամբ ՀՀ վարչապետի նկատմամբ կա բարձր վստահություն, ինչը քաղաքական կարևորագույն կապիտալ է:
Նիկոլ Փաշինյանն ասել է. «Բարձր ենք գնահատում Ձեր դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Վստահ ենք, որ ԵԺԿ նախագահի պաշտոնում ևս կնպաստեք համագործակցության հետագա զարգացմանն ու առաջընթացին»:
Վարչապետն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հետևողական գործընթացների շուրջ: ԵԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել նպաստել Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը: