Մարտի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, քննարկվել են կորոնավիրուսի վիճակի վերջին զարգացումները, պետական գերատեսչությունների քայլերը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում ու աշխարհում կորոնավիրուսի տարածման վերջին վիճակագրական տվյալները: Նա նշել է, որ մինչև այժմ Հայաստանում իրականացվել է 211 լաբորատոր հետազոտություն, որից միայն մեկի դեպքում է կորոնավիրուս հայտնաբերվել: Առանձին անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը, առևտրաշրջանառության, բեռնափոխադրումների ու զբոսաշրջային հոսքերի հետ կապված հարցերին: Ամփոփելով նիստի արդյունքները՝ Տիգրան Ավինյանն ասել է. «Արձանագրենք մի քանի կարևոր կետ մեր այսօրվա խորհրդակցության արդյունքներով:
Առաջին, ՀՀ մուտք գործող բոլոր քաղաքացիների համար մենք պահանջում ենք հասցեական քարտեր, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը: Այսինքն այդ քարտերը ունենալով ու վերլուծելով մենք կարող ենք հասկանալ՝ արդյոք վտանգավոր երկրների գոտում եղել են քաղաքացիները, թե ոչ:
Երկրորդ, Իրանի հետ կապված որոշ բեռների դեպքում՝ և ներկրվող, և արտահանվող, Էկոնոմիկայի նախարարությունը մեկ շաբաթում ՊԵԿ-ի, Տեսչական մարմնի, Առողջապահության նախարարության, ԱԳՆ-ի, ԻԻՀ-ի մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում ստեղծում է մի պատուհան, ինչի միջոցով հնարավորություն է ստեղծվում որոշակի բեռնափոխադրումներ իրականացնել և դեպի Հայաստան, և դեպի Իրան: Եվ այդ բեռնափոխադրումները իրականացվում են մեր կողմից վերահսկվող գործընթացի միջոցով:
Երրորդ, ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռիսկային գոտիներ մեկնելուց, մասնավորապես Իտալիայի Լոմբարդիայի շրջան, Միլան ՝ նվազագույնը գոնե մոտակա երկու շաբաթում:
Եվ, վերջինը, ԻԻՀ- ում մնացած մեր այն քաղաքացիները, որոնք ունեն ընտանիքներ և ընտանիքի անդամներ, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն ու ՀՀ ռեզիդենտներ չեն, այդ ընտանիքների համար նույնպես հնարավորություն ստեղծել վերադառնալու ՀՀ»: