«168 Ժամը» գրում է. «Ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, արդեն մի քանի օր է՝ մտել է բավական ակտիվ փուլ։ Համենայնդեպս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կուսակցության մի քանի անդամներ շրջում են Երևանում ու հանրապետության տարբեր բնակավայրերում։ Շրջում են ու բաժանում են բուկլետներ, ծաղիկներ… Բաժանում են ամեն ինչ, բացի հանրաքվեի վերաբերյալ բովանդակային խոսքից ու հիմնավորումներից։ Փաշինյանի ու նրա թիմակիցների քարոզչության հիմքում ընկած է առավելապես ձևը՝ առանց բովանդակության։ Առավելագույնը, որ նրանք ասում են քաղաքացիներին՝ «Հեղափոխությանը ասում ենք «այո»» կարգախոսն է, որը, բացի էմոցիոնալ ֆոնից, որևէ հիմնավոր փաստարկ չի պարունակում այն մասին, թե ինչո՞ւ պետք է «հպարտ քաղաքացին» գնա տեղամաս ու «այո» ասի հանրաքվեին։ Իրականում քարոզարշավի այս անբովանդակությունը հերթական վկայությունն է, որ սահմանադրական հանրաքվեն ընդամենը մեկ խնդիր է լուծում՝ ազատվել ՍԴ գործող կազմից։ Որևէ այլ գործառույթ, պետության ու քաղաքացու կյանքի հետ կապված որևէ իմաստ ու նշանակություն այս հանրաքվեն չունի։ Ու իշխանությանը մնացել է ընդամենը «Հեղափոխությանը ասում ենք «այո»» կարգախոսը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը 2018-ի ԱԺ ընտրություններից հետո արդեն երկրորդ անգամ քաղաքացիներին վերավաճառում է հեղափոխությունը։ Իրականում հերթական անգամ հեղափոխությունը, դրա գաղափարն արժեզրկվում է, ու մեծ հարց է՝ քաղաքացին այս անգամ էլ պատրաստ է վճարել հեղափոխության համար ու ընտրատեղամաս գնալով՝ «այո» ասել ոչ հեղափոխության, ոչ իր կյանքի հետ կապ ունեցող հարցին։ Ու ստացվում է, որ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ինքն է ամենաշատն արժեզրկում հեղափոխությունը, որի արժեքը քաղաքացու համար կարող էր բարձրանալ միայն այն դեպքում, եթե անցած երկու տարիներին առարկայանար արմատական բարեփոխումներով, ռազմավարական նախագծերով ու ծրագրերով, քաղաքացու կյանքը փոխող նախաձեռնություններով։
Նման բան, սակայն, տեղի չի ունեցել, ու չկա որևէ հեռանկար, որ տեղի է ունենալու առաջիկայում։ Դրա համար իշխանությունը շարունակում է քաղաքացուն կերակրել հեղափոխության կարգախոսներով։ Բայց դա չի կարող անվերջ շարունակվել։ Մի օր հեղափոխության գաղափարն արժեզրկվելու է անդառնալիորեն, ու քաղաքացին այլևս չի «գնելու» հեղափոխության կարգախոսները։ Իշխանության ներկայիս գործելաոճի շարունակման դեպքում դա տեղի է ունենալու արդեն տեսանելի հեռանկարում»: