Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ «Այո»-ի մարզային քարոզարշավին՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից: «Հայաստանում չի կարող լինել որևէ մարմին, որը չի ներկայացնում ժողովրդին: Այսօր ՍԴ-ն չի ներկայացնում ժողովրդին, և այդ ՍԴ-ն պետք է հեռանա, որովհետև ինքը քոչարյանա-սերժական ժառանգության վերջին մնացորդն է Հայաստանում», - հայտարարեց նա:
«Այո»-ի հաջորդ կանգառը Մեղրին էր: Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ ունեցավ՝ ներկայացնելով, թե իշխանություններն ինչու են նախաձեռնել սահմանադրական հանրաքվեն. «Այսօր մարդիկ կան, որ երբ հանրաքվեն նշանակվեց, ասում են՝ իշխանությունը պատրաստվում է կեղծիքների մեխանիզմների, ախր դուք ի՞նչ ես հասկանում ընդհանրապես: Ես, հիշո՞ւմ եք, Սերժ Սարգսյանի հետ հայտնի բանավեճի ժամանակ ասում էի՝ Դուք չեք հասկանում՝ Հայաստանում ինչ է կատարվում, ինքն էլ ծիծաղում էր: Հիմա այդ բոլոր մարդիկ չեն հասկանում՝ Հայաստանում ինչ է կատարվում. Հայաստանում ընտրություններ կեղծելու էջը փակված է: Ես ասել եմ՝ երկու ձեռքերս կկտրեմ, թույլ չեմ տա՝ Հայաստանում արժանապատիվ, հպարտ քաղաքացու մի հատ ձայնը որևէ մեկը կեղծի, և այդ կեղծողի ձեռքերն առավել ևս կկտրեմ: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և վերջ, չքննարկեք»:
Մարզային քարոզարշավին միացել է նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա ևս ելույթ ունեցավ Քաջարանում. «Ինչքան մտածում-մտածում եմ, ինձ համար պարզ է դառնում, որ «Ոչ»-ի դեմքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Եթե ես սխալվում եմ, թող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ասեն՝ Արամ ջան, սխալվում ես, մենք «ոչ» չենք, մենք «այո» ենք», - նշեց նա:
Վարչապետ Փաշինյանն էլ շարունակեց Մեղրիի ելույթը, Քաջարանում ևս հիմնավորեց, թե իշխանություններն ինչու են նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները, հանրաքվեն: Նա հայտարարեց, որ ներկայիս ՍԴ 7 դատավորները նախկին իշխանությունների կամակատարներն են եղել իրենց գործունեության ամբողջ ընթացքում: «Այն մարդիկ, որոնց մենք հիմա տուն ենք ուզում ուղարկել, այդ բոլոր մարդիկ հավասար պատասխանատու են Հայաստանում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների, կոռուպցիայի, ընտրակեղծիքների, ապօրինությունների, բեսպրիդելի համար, որովհետև այդ ՍԴ 7 անդամներն իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում», - շեշտեց նա:
Քարոզարշավը շարունակվեց Կապանում: Վարչապետը «Այո»-ի լոգոյի ընտրության ու դրան հաջորդող իրադարձություններին անդրադարձավ` պատահական չհամարելով հենց վերջնական տարբերակի ընտրությունը: «Սա միստիկա է, որ մենք, այսքան պատմությունների միջով անցնելով, այդ հազարավոր լոգոներից ընտրել ենք 1991-ի սեպտեմբերի 21-ի լոգոն «Այո»-ի համար: Ու այս միստիկայի մեջ չափազանցություն չկա, որովհետև այս հանրաքվեն նաև Հայաստանի ինքնիշխանության ու Հայաստանի ինքնիշխան քաղաքացու մասին է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Քարոզարշավը կեզրափակվի Սյունիքի Տեղ համայնքում: