ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի հետ պետական սահմանի նախիջևանյան հատվածում միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է ՀՀ Զինված ուժերի պայմանագրային զինծառայող Զոհրաբ Սիանոսյանը, հայտարարել է, որ զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել դիպուկահարի կրակոցից, և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնելով զոհվածի ընտանիքի անդամներին և հարազատներին, շեշտել է. «Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր սրել իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում»:
«Ադրբեջանի պարբերական փորձերը սրել իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնել լարվածության աշխարհագրությունը և չկիրառել լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ: Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար», - ասված է հայտարարությունում: