Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 120000, մահացածներինը՝ 4,3 հազարին, ապաքինվել է 66,5 հազար մարդ։
ԵՄ-ն համաճարակի դեմ պայքարի համար 25 միլիարդ եվրոյի ներդրումային հիմնադրամ է ստեղծում: Ամենածանր իրավիճակը Իտալիայում է։ Վերջին մեկ օրում 168 մարդ է մահացել, վարակի զոհերի ընդհանուր թիվը հասել է 631-ի: Իտալիայում 10 000 մարդ հիվանդ է, 877-ի վիճակը ծանր է: Վարակակիրների թվի կտրուկ աճ է նկատվում Իսպանիայում՝ 1695 մարդ, 36-ը մահացել է:
Ֆրանսիայում 1784 մարդ վարակված է, մահացել է 33-ը։ Նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին հորդորել է իրատես լինել և նախազգուշացրել է, որ համաճարակը նոր է սկսվում:
Չեխիայում հաստատվել է 63 դեպք, կառավարությունը փակել է բոլոր ուսումնական հաստատությունները, արգելել հարյուրից ավելի մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումները:
Լեհաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել գեներալ Յարոսլավ Միկիյի մոտ, նա վերադարձել է Գերմանիայից, որտեղ հանդիպել էր ՆԱՏՕ-ի երկրների բանակների հրամանատարության ներկայացուցիչների հետ:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվել է առողջապահության նախարարը։ Կա հիվանդության 382 դեպք, մահացել է 6 մարդ:
ԱՄՆ-ում դեմոկրատները չեղարկել են իրենց հանդիպումներն ընտրողների հետ:
Ղազախստանը փակել է մուտքը եվրոպական երկրներից ժամանողների համար:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված մեկ դեպք կա: