Փորձագետները պնդում են, որ նոր կորոնավիրուսով կարող է վարակվել բնակչության մինչեւ 70 տոկոսը, քանի որ դրա դեմ առայժմ պատվաստումներ չկան՝ մարտի 11-ին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Հարկավոր է հասկանալ՝ քանի որ վիրուսն արդեն այստեղ է եւ քանի որ առայժմ բնակչությունն իմունիտետ չունի դրա նկատմամբ, չկան պատվաստումներ, չկա բուժում, վարակված բնակչության տոկոսը բարձր կլինի. փորձագետները նշում են 60-70 տոկոսի մասին»,-ասել է կանցլերը: Մերկելը չի ճշտել՝ ինչ ժամանակաշրջանի եւ որ երկրի մասին Է խոսքը: Նա ընդգծել է, որ այժմ գլխավորը վիրուսի տարածումը դանդաղեցնելն է: «Խոսքն այն մասին է, որ ժամանակ շահենք»,-հավելել է կանցլերը: «Մենք Գերմանիայում կարծում ենք, որ սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ մարտահրավերին»,- ասել է Մերկելը, հավելելով, որ ընդունելի միջոց կարող է դառնալ տնային կարանտինը, որը կնպաստի հիվանդության տարածման սահմանափակմանն այն դեպքում, եթե ախտահարվածները ժամանում են ռիսկի գոտուց: Լաբորատոր եղանակով հաստատված տվյալներով՝ Գերմանիայում նոր կորոնավիրուսով վարակվել է գրեթե 1,3 հազար մարդ: Մարտի 11-ին հայտնի է դարձել կորոնավիրուսի հետեւանքներից երեք մարդու մահվան մասին: Բոլոր դեպքերը գրանցվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում, Էսսեն քաղաքում մահացել է 89-ամյա մի կին, եւս երկու մարդ մահացել է Հայնսբերգի շրջանում: Բացի այդ, մարտի 1-ին Եգիպտոսում կորոնավիրուսից մահացել է համբուրգցի մի զբոսաշրջիկ: Մարտի 10-ին Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտնել էր Գերմանիայում կորոնավիրուսի 1139 հաստատված դեպքի մասին: