Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է. «Մոտ 1 ժամ առաջ լրագրող Վաչիկ Գրիգորյանը ուղիղ եթերով հայտնեց, որ Էջմիածին քաղաքում կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել և ՀՎԿԱԿ-ի Էջմիածնի բաժնի աշխատակիցները ոստիկանության և Շտապ Օգնության ծառայության ուղեկցությամբ այցելել են այդ կնոջ տուն, որտեղ իրականացրել են «անհրաժեշտ աշխատանքներ»:
Ես փորձեցի ճշտել իմ աղբյուրներից և ինձ փոխանցեցին հետևյալ տեղեկատվությունը` Էջմիածնում, հարսանիքի ընթացքում երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ եղել է «Շտապ Օգնության» կանչ: Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է #կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ:
Հ.Գ. հարգելի պաշտոնյաներ, եթե նույնիսկ ձախողել եք` մի խաբեք»,- գրել է նա:
Ֆեյսբուքյան օգտատեր Վաչիկ Գրիգորյանը ուղիղ հեռարձակմամբ հայտնել է, որ գտնվում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի Էջմիածնի մասնաճյուղի մոտ: Նրա խոսքով՝ այսօր կորոնավիրուսով վարակված 3 անձանցից մեկը Էջմիածնից է: Ըստ նրա՝ կինն օրեր առաջ որոշակի գանգատներ է ունեցել, սակայն այդ ժամանակ չի դիմել բուժօգնության: Հետո, երբ վիճակը վատացել է, կինը դիմել է բժշկի: