2024-ին Ռուսաստանում ծրագրված նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինի մասնակցությունը կախված կլինի մի քանի գործոնից: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գործոնների մեջ նշել է համաշխարհային տնտեսության իրավիճակը, կորոնավիրուսի հետևանքներն ու տարածաշրջանային հակամարտությունները:
«Իրավիճակը աշխարհում հայտնի է, այն բավական անհանգիստ է, եթե չասենք շատ աղմկոտ: Այսպիսի դժվար տարիներին որոշ երկրներ որոշում են ընդունել գործող նախագահի` իր պաշտոնում մնալու հնարավորության մասին: Այս բարդ տարիներին մեծ նշանակություն ունեն իշխանության կայունությունը, ամրությունն ու հետևողականությունը»,-ասել է Պեսկովը:
Հստակեցնող հարցին՝ Պուտինը նախագահական ժամկետների վերաբերյալ իր տեսակետը փոխել է աշխարհում Ռուսաստանի շուրջ իրավիճակի հետ կապված, Պեսկովը դրական պատասխան է տվել: «Ժամկետների սահմանափակման մասին նորմը շարունակում է մնալ սահմանադրության մեջ, այն չի անհետանում, գործող նախագահի համար այս բացառությունը միանգամյա բնույթ է կրում»,-բացատրել է մամուլի խոսնակը: Նա ավելացրել է, որ «իրավիճակը աշխարհում դարձել է ավելի անկայուն համեմատած այն շրջանի հետ, երբ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ դարձավ նախագահ»: