Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման նոր դեպքերը և աշխարհի տարբեր երկրներում մարզական միջոցառումների անցկացման հետ կապված սահմանափակումները՝ հայտնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ Առողջապահության նախարարության մասնագետների, այնպես էլ ՈւԵՖԱ-ի գործընկերների հետ: Այս պահի դրությամբ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հետաձգման վերաբերյալ որոշում չկա: Վաղը՝ մարտի 13-ին, հարցը կքննարկվի ևս մեկ անգամ, և կկայացվի որոշում:
Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների մասին՝ ՀՖՖ-ն ամենօրյա կապի մեջ է նաև Ուզբեկստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 17-ին, երբ ՀՖՖ նախագահը կմասնակցի ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈւԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկմանը: