Իտալիայում շարունակվում է կորոնավիրուսի արագ տարածումը, մեկ օրում վարակով պայմանավորված մահվան դեպքերի քանակն ավելացել է 23%-ով՝ հասնելով 1016-ի: Կորոնավիրուսով վարակման պատճառով մահացել է երկրի ամենահայտնի բժիշկներից մեկը՝ Ռոբերտո Ստելլան: Նա երեքշաբթի շնչառական անբավարարության խնդրով հոսպիտալացվել է Կոմո քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել:
Իտալիայի բժիշկների ազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ հայտնելով բժշկի մահվան մասին և նշել, որ այս դեպքը ցույց է տալիս, որ բժիշկները վարակի դեմ պայքարում զինված չեն անձնական պաշտպանության սարքերով և հագուստներով: Իտալիայում վարակման դեպքերի ընդհանուր թիվը 12 462-ից հասել է 15 113-ի: Հիվանդությունից բուժվել է 1258 մարդ:
Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հատել է 131 621-ի շեմը, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է 68 500 մարդ: