«Ժողովուրդը» գրել է. «2018-ի նոյեմբերից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված կադրային բանկը ստացել է 2000-ից ավելի ինքնակենսագրականներ: Եվ կադրային բանկի ստեղծումից մեկուկես տարի անց պետական կառույցներում աշխատանքի է անցել մոտ մեկ տասնյակից ավելի մարդ: Եվ հետաքրքիր է, որ աշխատանքի անցած մարդկանց մեջ կան նաև վարչապետի աշխատակազմի աշխատակիցներ: Օրինակ՝ կադրային բանկի միջոցով Հակոբ Ճաղարյանը 2019-ի մարտի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական, Արթուր Գրիգորյանը՝ 2019-ի մարտի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական: Իսկ, ահա, Սուրեն Ղամբարյանը մի փոքր երկար ճանապարհ է անցել. նա մինչ այդ Սոցիալական ապահովության ծառայության պետն էր, 2019-ի սեպտեմբերի 23-ին նշանակվել է վարչապետի օգնական: Իսկ Սարհատ Պետրոսյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո էլ կրկին կադրային բանկի միջոցով այդ պաշտոնին նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անձամբ վարչապետն է հսկում այդ գործընթացը և հարկ եղած պարագայում հանդիպում հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուների հետ, և, ըստ էության, վերջնական որոշումը հենց նա է կատարում: Մեր տեղեկություններով՝ վերջերս Փաշինյանը կրկին իր աշխատակազմին հրահանգել է դիմել կադրային բանկի օգնությանը, քանի որ դժգոհ է կառավարության այժմյան աշխատանքից, կադրերից և ցանկանում է թարմացնել այն»: