Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման վիճակին և միտումներին, հնարավոր հետևանքներին, վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումներին են անդրադարձել նախագահ Արմեն Սարգսյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հեռախոսազրույցի ընթացքում: Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից Հայաստանին ցուցաբերված տեխնիկական և մասնագիտական աջակցության համար:
ԱՀԿ կողմից պանդեմիայի հայտարարումը խոսում է իրավիճակի բարդության մասին և էլ ավելի է կարևորում այս իրավիճակում միջազգային և ազգային ջանքերը համատեղելու, պետությունների կողմից համատեղ և համաձայնեցված գործելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ սահմանային հսկողության, բնակչության տեղաշարժի և փոխօգնության առումով, որ հատկապես էական է Հայաստանի պարագայում: ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ կազմակերպությունն ուշադրության կենտրոնում կպահի իրավիճակը Հայաստանում:
Սարգսյանը համամիտ է ԱՀԿ տնօրենի մոտեցմանը՝ պետությունների կողմից կանխարգելման և հակազդման ազգային ռազմավարությունների մշակման անհրաժեշտության առումով, և տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, իսկ գործողությունների ծրագրի համար շատ արժեքավոր կլինեն կազմակերպության կողմից պետություններին առաջարկվող ազգային ռազմավարությունների ուղղություններըլ ԱՀԿ փորձագետների ակտիվ ներգրավվածությունը: Նախագահը կարևորել է Հայաստանում գտնվող ԱՀԿ մասնագետների խորհրդատվական գործունեությունը՝ նշելով շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ մասնագետներ ու փորձագետներ ներգրավելու անհրաժեշտությունը: Նախագահն անհրաժեշտ է համարել նոր կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս արագ հսկողության տակ վերցնելու միջոցառումների արդյունավետության մեծացումն ամբողջ աշխարհում։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պահանջվում է իշխանությունների և բնակչության կողմից խնդրի լրջության գիտակցում, ինքնակազմակերպում, բարձր պատասխանատվություն և կարգապահություն:
Սարգսյանը և Գեբրեյեսուսը խոսել են նաև նորարարության և ուսուցման միջոցով հիվանդության հաղթահարմանը, նոր կորոնավիրուսի ախտորոշմանը, պատվաստանյութի մշակմանն ու բուժմանն ուղղված հետազոտությունների մասին:
ԱՀԿ գլխավոր տնօրենը սիրով ընդունել է նախագահի՝ առաջիկայում Հայաստան այցելելու հրավերը: Նախագահը ԱՀԿ գլխավոր տնօրենին առաջարկել է Հայաստանում այս տարվա հունիսի 6-8-ը նախատեսված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում նրա մասնակցությամբ կազմակերպել քննարկում՝ նվիրված նոր կորոնավիրուսի կանխարգելման և բուժման նորարական միջոցներին, պանդեմիկ իրավիճակներում պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին: Զրուցակիցները պայմանավորվել են պարբերաբար տեղեկատվություն փոխանակել իրավիճակի վերաբերյալ։
Հեռախոսազրույցին նախորդել էր նախագահի զրույցը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, որ ներկայացրել է Հայաստանում նոր կորոնավիրուսի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Հեռախոսազրույցից հետո նախագահը տեղեկատվություն է տրամադրել նախարարին ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և գլխավոր տնօրենի կողմից ներկայացված առաջարկությունների մասին: