Լրատվականներից մեկը տեղեկություն է հրապարակել, որ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Տաթևիկ Ռևազյանի հետ։ Նա տեղեկացրել է, որ հղիության առիթով այժմ արձակուրդում է։ «Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ոչ կորոնավիրուսի, և ոչ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։
Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին լինելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից», - նշել է Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։ Տաթևիկ Ռևազյանն ասել է, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է մոր քաղաքացիությամբ։ «Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017-ին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ», - հայտնել է Ռևազյանը։ Քաղավիացիայի վարչության պետը տեղեկացրել է նաև, որ շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ նույնիսկ ֆիզարձակուրդի ընթացքում: