Մարտի 13-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը այցելել է Յարոսլավլի և Կոստրոմայի մարզեր՝ տեղեկացնում է «Комсомольская правда» պարբերականը:
Մարզերում Ռուսաստանի վարչապետը քննարկումներ է ունեցել այս տարածաշրջանների զարգացման վերաբերյալ: Բացի տեղի պաշտոնյաներից վարչապետին դիմավորել է նաև Յարոսլավլի շրջանից Պետդումայի պատգամավոր, առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան: «Կառավարությունը քայլեր է ձեռնարկում փոքր քաղաքներին աջակցելու ուղղությամբ, որ դարձնի առավել հարմարավետ մարդկանց համար: Տարածաշրջանային իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն դրան, ոչ թե կենտրոնանան միայն խոշոր քաղաքների վրա»,-ասել է Միշուստինը:
Տերեշկովան վարչապետին է փոխանցել տեղի բնակիչների խնդրանքը` Ռիբինսկի ջրամբարի մոտակայքում թղթի գործարան չկառուցելու վերաբերյալ: «Լիովին համաձայն եմ, սա գործարանի տեղ չէ: Բոլորն էլ ուզում են մաքուր օդ շնչել, մաքուր ջուր խմել: Կարծում եմ՝ մենք այդ հարցը կփակենք»,-հայտարարել է վարչապետը:
Գալով Կոստրոմայի մարզ, Միշուստինն ուղևորվել է շրջանային հիվանդանոց: Վարչապետին ցույց են տվել գինեկոլոգիական բաժանմունքը, որը տեղակայված է 1760թ. կառուցված գործարանի շենքում:
«Սա ոչ միայն տխուր է, սա անթույլատրելի է: Գինեկոլոգիայի բաժանմունքը ստիպում է մտածել ամեն ինչի մասին, միայն ոչ երջանիկ մայրության: Հարուստ պատմություն ունեցող շրջանը մինչև հիմա օգտվում է խորհրդային ժամանակների կոյուղիներից, իսկ մարդիկ ստիպված են բուժվել հիվանդանոցում, որը կառուցվել է ցարի ժամանակներում»,- նշել է Միշուստինը: Նա հանձնարարել է 200 միլիոն ռուբլի տրամադրել հիվանդանոցը վերակառուցելու համար: Վարչապետը ուշադրություն է դարձրել նաև շրջանների գազամատակարարման խնդիրներին: «21-րդ դար, Ռուսաստանի կենտրոն, նույնիսկ ոչ հյուսիս, իսկ մարդիկ ապրում են առանց գազի»,-ընդգծել է նա: Միշուստինն այցելել է նաև Կոստրոմայի պետական համալսարան և հանդիպել ուսանողների հետ: