Կառավարությունն այսօր առավոտյան խորհրդակցություն է կայացել, ամփոփվել է այս պահին տիրող իրավիճակը` կապված կորոնավիրուսի հետ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտնելով, որ ժամը 15:00-ին կառավարության արտահերթ նիստ է հրավիրելու, որտեղ կքննարկվի հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու հարցը: Այդ նիստը բաց է լինելու, այսինքն` կլինի ուղիղ հեռարձակում:
Արտակարգ դրություն հայտարարելու որոշման ընդունման դեպքում, ինչպես ասաց Փաշինյանը, իրավունքի ուժով կհայտարարվի Աժ նիստ, պատգամավորներին ևս հնարավորություն կտրվի հնչեցնել իրենց հուզող հարցերն ու ստանալու պատասխանները: Վարչապետը հայտնեց, որ այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 30 դեպք, որից 19-ը Էջմիածնի հետ փոխկապակցված անձինք են, մեկ հոգի բուժվել է: 10 հոգուց 3-ը «Գոլդեն փելիսում» մեկուսացված անձինք են, մյուսը 3-ը Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված, վարչապետի տեղեկացմամբ, հիմա մեկուսացում է իրականացվում:
«Նախարարն ասում է, որ կարող են հույս ունենալ, որ վարակի լայն տարածում այնտեղ չունենք: Եվ մնացած չորս դեպքերն արդեն առանձին տարածված դեպքերն են», - նշեց նա:
Էջմիածնում ստեղծված իրավիճակի մասին, որտեղ մասնակի սահմանափակումներ են կիրառված, վարչապետը տեղեկացրեց, որ 129 քաղաքացի ջերմություն ունի: «Մենք նրանց խնդրել ենք վերադառնալ տուն և ինքնամեկուսանալ», - նկատեց նա` հավելելով, որ այն փաստը, որ նրանք ջերմություն ունեն, դեռ չի վկայում, որ վարակակիր են: Այս պահի դրությամբ մեկուսցված է ավելի քան 300 քաղաքացի, ևս 300 քաղաքացու մեկուսացման համար տարածքներ են պատրաստել:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց` ուրբաթ օրվանից սկսել են քննարկել նաև տնտեսական իրավիճակը, և այսօր կեսօրին այդ ուղղությամբ ևս մեկ նիստ կկայանա: