ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով մարտի 15-ին ստեղծվել է կորոնավիրուսի տարածմանը հակազդելու պետական խորհրդի աշխատանքային խումբ, որի ղեկավարումը ստանձնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Խմբի կազմում են առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, փոխվարչապետներ Տատյանա Գոլիկովան, Դմիտրի Չերնիշենկոն, նախարարներ և գերատեսչությունների ղեկավարներ: Մարզային ղեկավարներին, որոնց տարածքում կորոնավիրուսի սպառնալիքներ են հայտնաբերվել, Պուտինը հանձնարարել է մասնակցել նոր աշխատանքային խմբի գործունեությանը:
Երեկվա տվյալներով` Ռուսաստանում գրանցվել է վարակի 63 դեպք, 33-ը Մոսկվայում: Բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայի և Լենինգրադի մարզում, Չինաստանին սահմանակից Խաբարովսկի երկրամասում: Սահմանվում են զանգվածային միջոցառումների սահմանափակումներ, կարանտինային ռեժիմ: Ռուսաստանի իշխանությունները չեն խոսում ոչ արտակարգ դրության մասին, ոչ էլ ապրիլի 22-ին կայանալիք Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հանրաքվեն չեղարկելու մասին: Մոսկվայի դպրոցները փակ չեն, իշխանությունները պարզապես հայտարարել են, որ ծնողները պետք է որոշեն իրենց երեխաներին ուղարկել դպրոց, թե ոչ, այսինքն` ազատ հաճախում է: Բաց են նաև առևտրի կենտրոնները, սրճարանները, ռեստորանները: Ռուսաստանի անկախ մեկնաբանները համացանցում գրում են, որ իշխանությունները կորոնավիրուսով վարակվածների մասին ճշգրիտ տվյալներ չեն հայտնում և չեն էլ հայտնելու: Քաղաքագետ Վիկտոր Շենդերովիչը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրել է. «Իրական վիճակագրություն, ինչպես դա տեղի է ունենում այլ երկրներում, չկա: Կրեմլը հնչեցնելու է այն տվյալները, որոնք Կրեմլին ձեռնտու են լինելու: Կրեմլն է որոշելու փակել երկիրը, թե հանրաքվե անցկացնել և այս նպատակից էլ ելնելով` հրապարակելու է իրեն հարմար տվյալներ վարակվածների մասին»: