Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահմանում է պետական և տեղական ինքակառավամարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, ՊՆ-ն կառավարության կողմից լիազորված է կոորդինացնելու, օգտագործելու իր բոլոր ենթակառուցվածքներն ու միջոցները սանիտարահիգիենիկ և համաճարակային միջոցառումների կազմակերպման և բնակչության, առաջին հերթին զինծառայողների, սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ անհրաժեշտության, ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածքներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի»,– ասվում է գրառման մեջ: