Վերջին 30 տարիներին Չինաստանի արդյունաբերական արտադրությունն ամենամեծ չափով անկումն է արձանագրել, քանի որ արագ տարածվող կորոնավիրուսն ու դրա դեմ կանխարգելիչ քայլերը լրջորեն քայքայում են մեծությամբ աշխարհի երկրորդ տնտեսությունը՝ գրում է Reuters գործակալությունը:
Կտրուկ անկում են ապրել նաև քաղաքային ներդրումներն ու մանրածախ առևտուրը: Կա վարկած, որ տարվա առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսական աճը կարող է կրկնակի կրճատվել: Հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրության մակարդակը, համեմատած անցյալ տարվա նույն շրջանի հետ, անկում է ապրել 13,5%-ով, որ 1990-ի հունվարից սկսած ամենացածր ցուցանիշն է: Կապիտալ ներդրումները անկում են ապրել 24,5%-ով, մանրածախ առևտուրը կրճատվել է 20,5%-ով:
Անցյալ շաբաթ չինացի պաշտոնյաները հայտարարել էին, որ համաճարակի ամենաթեժ պահը անցել է, սակայն փորձագետները զգուշացնում են, որ տնտեսությունը հունի մեջ գցելու համար հնարավոր է՝ ամիսներ պահանջվեն: