Հայաստանում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների ամենօրյա սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն, ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: Վարչապետը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հարցրեց՝ հաստատո՞ւմ է այս տեղեկատվությունը:
«Ամբողջությամբ հաստատում եմ, որևէ խնդիր չկա այսօր հանրապետությունում: Եվ դրա մասին նաև փաստերն են խոսում: Մի քիչ սկզբում տարբեր հայտարարությունների ներքո ունեցանք որոշ վայրիվերումներ, և շուկայում ունեցանք անկայուն վիճակ, բայց վիճակը հիմա լրիվ վերահսկվում է և կարելի է ասել՝ լրիվ կայուն է»,- ասաց ԿԲ նախագահը: Նա նշեց, որ գործընկերների, այդ թվում՝ Ազգային հիպոթեքային ընկերության հետ պայմանավորվել են, որ հնարավորոթյուն է տրվում մինչև վեց ամիս ժամկետով փոխել վարկավորման պայմանները, հետաձգել վարկի մարումները, երկարացնել վարկի ժամկետները, եթե կարիքը լինի, նաև իջեցնել տոկոսադրույքները:
«Այդ ամենը անելու դեպքում այս կազմակերպությունները միանգամից իրենք էլ կփոխեն բանկերի պայմանները: Դա նշանակում է, որ արդեն այսօր բանկերն այդ հնարավորությունն ունեն: Բացի դրանից, մենք հայտարարել ենք մեր քաղաքացիներին թեժ գծի մասին, որը գործում է ԿԲ-ում: Քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել Կենտրոնական բանկ և ստանալ համապատասխան աջակցություն»,- նշեց Ջավադյանը:
Նիկոլ Փաշինայնն ասաց, որ 2019-ի արդյունքներով Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակի վրա՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի: Նախորդ տարի Կենտրոնական բանկը ավելի քան 560 մլն դոլար արտարժույթի առք է իրականացրել: «Այնպես որ, Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, իրացվելիության մակարդակը բարձր է, և բոլոր այն դեպքերում, երբ կլինի անհրաժեշտություն, կառավարությունը և Կենտրոնական բանկը կցուցաբերեն համապատասխան աջակցություն բանկերին և ընդհանրապես տնտեսությանը: Իհարկե, մենք հիմա նաև քննարկում ենք, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք տնտեսական անխուսափելի դժվարությունները հաղթահարելու համար: Բայց ուզում եմ պարզաբանել, որ մենք մեր խնդիրը չենք ձևակերպել, որ պետք է տնտեսական դժվարությունները հաղթահարենք, մենք մեր խնդիրն այլ կերպ ենք ձևակերպել՝ պետք է պատրաստ լինենք օգտվելու համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող անխուսափելի փոփոխություններից»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության հաշվարկներով՝ համաշխարհային տնտեսական պրոցեսների հետևանքով շուրջ 2 տրիլիոն դոլարի ՀՆԱ-ի համաշխարհային անկում է սպասվում: «Սա մի կողմից վատ է, բայց նաև նշանակում է, որ համաշխարհային շուկայում շուրջ 2 տրիլիոնի ազատված դաշտ է գոյանալու: Եվ մեր ամբողջ քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրան, որ տնտեսական ազատված դաշտում Հայաստանի բիզնեսը մեծացնի իր ներկայությունը: Եվ ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլ բացում է հնարավորություններ: Մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետևյալը՝ այս դժվարությունները մեզ համար բացում են նոր հնարավորություններ, և մենք պետք է կենտրոնանանք այդ հնարավորություններից օգտվելու օրակարգի վրա»,- հավելեց Փաշինյանը: