Երեկ Աժ-ն իրավունքի ուժով հատուկ նիստով քննարկեց և ի գիտություն ընդունեց Հայաստանում արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը:
Վարչապետը նիստի սկզբում հայտնեց, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մոտ 500-հոգանոց արտադրամասերից մեկում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 3 անձանց շփման շրջանակն արդեն գծվել և տեղորոշվել է։ Նա բացատրեց, թե ինչպես կազդի արտակարգ դրությունը քաղաքացիների վրա. «Անձնական ազատությունների որոշակի սահմանափակում հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում, արտակարգ դրությունը հնարավոր է, երբ սահմանադրական կարգի նկատմամբ կա անմիջական սպառնալիք: Տվյալ դեպքում անմիջական սպառնալիք է գնահատվել այն, որ, ըստ էության, սպառնալիքի տակ է հայտնվում սոցիալական պետության հայեցակարգը»: Վարչապետը նկարագրեց նաև, թե ինչքանով է Հայաստանը պատրաստ հիվանդների թվի աճին: Ասաց՝ Առողջապահության նախարարությունը նախատեսում է թոքերի արհեստական օդափոխության ևս 11 ապարատ ձեռք բերել, իսկ երկրում այս պահին կա 360 ապարատ: «Փետրվարի կեսերին էր, երբ որ մենք սկսեցինք «Նորք» ինֆեկցիոնը ազատել բոլոր տեսակի այլ հիվանդություններով հիվանդներից: Այսպիսի 100 տոկոս պատրաստ երկրորդ հիվանդանոցը նույնպես ունենք, երրորդը՝ ռեզերվը, նույնպես ունենք, չորրորդ ռեզերվը նույնպես ունենք: Էս չորս ռեզերվը իրար հետ մի հատ էնպիսի թիվ է՝ 1000-ից անցնում է, 1000-1500 թվի մասին է խոսքը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե լինել չի կարող, հայտարարեց վարչապետը. «ՀՀ օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող, և հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ քան, 60 օր հետո, 65 օր հետո, այսինքն, ըստ էության, հանրաքվեի պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ որ ավարտվել էր: Ավելի մանրամասն կարգավորումներին ես էս պահին, կարծում եմ, պետք չէ անդրադառնալ»:
Պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան էլ վարչապետը նշեց՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետաձգման հիմք այս պահին չի տեսնում: «Արցախում, փառք Աստծո, մինչև էս պահի դրությամբ ոչ մի դեպք չի արձանագրվել, և ես էսօր կոչ արեցի և էլի կոչ եմ անում Հայաստանի և Արցախի մեր սիրելի հայրենակիցներին, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն ճամփորդել դեպի Արցախ և դեպի Հայաստան», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հնարավոր գնաճի դեմ պայքար կարող են իրականացնել քաղաքացիները՝ չհիմնավորված գնումներ չանելով, ասաց վարչապետը ի պատասխան պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցի, պնդելով, որ երկրում կա պարենի բավարար չափաքանակ։ «Պետք չի հիմա այդպիսի գնումներ անել, որևէ, ես, իսկապես, հարցրել եմ կոնֆիդենցիալ, պահանջել եմ, որ ճշմարտությունը ասվի, ոչ մի բան չթաքցվի, ասում է, որ որևէ պրոբլեմ չկա», - ընդգծեց վարչապետը: Մեկ ամսում բազմաթիվ քաղաքացիներ կարող են բախվել ֆինանսական խնդիրների՝ ի՞նչ փաթեթներ է նրանց համար առաջարկելու կառավարությունը, հետաքրքվեց Էդմոն Մարուքյանը: Վարչապետը մանրամասնեց՝ շատ որոշումներ կընդունվեն հընթացս, իրավիճակից ելնելով: Վարկերի մասին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այն բանկերը, որոնք մինչև հիմա վարկային արձակուրդների մասին չեն հայտարարել, անհատական մոտեցմամբ կանդրադառնան քաղաքացիների՝ վարկերի վճարումները սառեցնելու դիմումներին. «Համոզված եմ, որ դեպք չենք ունենա, երբ բանկերը իրենց վստահելի հաճախորդի հետ չգան ընդհանուր համաձայնության»:
Խորհրդարանի հատուկ նիստի վերջում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ երեք խմբակցությունները չեն ներկայացրել նախագիծ արտակարգ դրության կամ դրանով նախատեսված միջոցառումներից որևէ մեկի չեղարկման վերաբերյալ: Եզրափակիչ խոսքով նիստն ամփոփեց վարչապետը. «15 նոր դեպք ենք ունեցել, 5-ը՝ Էջմիածին, և ունենք նաև նոր դեպք՝ ոնց որ թե, վստահ չեմ, բայց ոնց որ Չարենցավանում էլ երկու դեպք ունենք: Եվ սա ցույց է տալիս, որ արտակարգ դրությունը, այո, ադեկվատ լուծում է, արձագանք է իրավիճակին, և տասն օր առաջ, ասենք, մարդկանց իրավունքները սահմանափակելու համար մենք էսքան ծանրակշիռ պատճառ չունեինք, և իրավունքների սահմանափակմանը պետք է շատ լուրջ վերաբերվել: Հիմա, հետևաբար, էս նոր իրավիճակին, պարետը որոշում կկայացնի հանրապետության ամբողջ տարածքով ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ, կներեք, հոգեհանգիստներ, թաղումներ՝ 20 մարդուց ավելի, ամբողջ հանրապետության տարածքով արգելվում է, ամբո՛ղջ հանրապետության տարածքով»: «Աշխատանքի գնա՞ն, թե՞ չգնան՝ այո, պետք է գնան աշխատանքի, որովհետև չենք կարող երկիրը կանգնեցնենք, բայց՝ պահպանելով հնարավորինս, էնտեղ, որտեղ կարելի է տնից աշխատել՝ տնից աշխատել, խրոնիկ հիվանդները թող չգնան աշխատանքի, 60 և ավելի տարիք ունեցող մարդիկ թող չգնան աշխատանքի, հղի կանայք թող չգնան աշխատանքի, առավոտյան և երեկոյան թող բոլորը անեն ջերմաչափումներ՝ նրանք, ովքեր ջերմություն ունեն, թող չգնան աշխատանքի», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: