Այն իրավիճակում, երբ ընկերությունը ցանկանա վճարել աշխատավարձերը, բայց չունենա միջոցներ, Կառավարությունը կմտածի աջակցման մեթոդներ՝ արտակարգ դրություն սահմանելու հարցով ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ աշխատողների շահերի պաշտպանությանը վերաբերող հարցին: Պատգամավորը նշեց, որ հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողները պետք է վարձատրվեն իրենց աշխատաժամի դրույքաչափի առնվազն 2/3-ի չափով: «Ձեռնարկվո՞ւմ են միջոցներ՝ հետևելու այսպահանջի կատարմանը, նախատեսվո՞ւմ են խրախուսման միջոցներ, որ բեռի մի մասը պետությունը վերցնի իր վրա, որ այն հիմնարկները, որոնք պատրաստ չէին եկամուտ կորցնել, բայց կա վտանգ, նույնպես գնան հարկադիր պարապուրդի՝ իմանալով, որ պետությունն աջակցելու է»,-հետաքրքրվեց Գորգիսյանը:
Փաշինյանը պատասխանեց, թե յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցման խնդիր է, ինքն էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է կազմել բոլոր այդ իրավիճակները, որպեսզի աշխատողների իրավունքները լիարժեք պահպանվեն: «Այն իրավիճակում, երբ ընկերությունը ցանկանա վճարել աշխատավարձերը, բայց չունենա միջոցներ, մենք կարող ենք գործիքներ կիրառել, որ այդ ընկերությանը բանկային համակարգը վարկ առաջարկի, որի տոկոսը սուբսիդավորի Կառավարությունը: Կարող են լինել նաև խոչընդոտներ, օրինակ՝ վարկի դիմաց գույքի գրավի պահանջ: Մենք բոլոր իրավիճակները կգույքագրենք և ամեն խումբ դեպքի համար կփորձենք առաջարկել կոնկրետ գործողություններ: Ակնհայտ է, որ պետք է մեր տնտեսվարողների կողքին կանգնենք, բայց պետք չէ համահարթեցնել: Ընկերություններ կան, օրինակ՝ սուպերմարկետները, որոնք նախատեսվածից ավելի շահույթ են ստանում, իրենց էլ կաջակցենք ներկրման առումով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։