ՌԴ Սահմանադրական դատարանը շտապ կարգով քննարկում է Սահմանադրության փոփոխությունները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է ՍԴ-ին արտահայտվել մասնավորապես գործող նախագահի լիազորությունների ժամկետի զրոյացման վերաբերյալ՝ գրում է Независимая газета-ն:
Այլ կերպ ասած՝ սահմանադրական փոփոխություններից հետո Պուտինը ևս երկու անգամ կկարողանա իր թեկնածությունն առաջադրել նախագահ դառնալու համար:
«Սոցիալական մարկետինգի ինստիտուտ» հետազոտական ընկերության կողմից հարցվածների 57%-ը պատասխանել է, որ 2024-ին կքվեարկի գործող նախագահի օգտին: Այնուամենայնիվ այստեղ պետք է մի վերապահում անել: Պուտինը ցանկանում է, որ իրավունք ունենա ևս մեկ անգամ թեկնածություն առաջադրել, բայց նա դեռևս չի հայտարարել, որ հստակ օգտվելու է այդ իրավունքից: Այդ դեպքում ինչի՞ համար է պետք լիազորությունները զրոյացնելու մանևրը: Նախևառաջ Պուտինը դեռևս չի հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ նրան իրոք պետք է հեռանալ: 2008-ին նա պաշտոնը փոխանցեց Դմիտրի Մեդվեդևին, բայց պահպանեց և վարկանիշը, և վերադառնալու հնարավորությունը: Սահմանադրության առաջարված փոփոխություններն առանց լիազորությունների ժամկետը զրոյացնելու նրան արդեն վերադառնալու հնարավորություն չեն տալիս և Ռուսաստանի քաղաքական քարտեզի վրա չեն թողնում այնպիսի կետեր, որտեղ կարող է հայտնվել Պուտինը: Բացի այդ, գործող նախագահը դեռևս չգիտի, թե 2024-ի հեռանկարում իրեն ինչպես կպահի էլիտան, այդ թվում՝ ամենահավատարիմ և նվիրված, ստուգված մարդիկ: Ներկայիս, և նույնիսկ բարեփոխված օրենքների պարագայում նա չի կարող երաշխավորել տեսական իրավահաջորդի հավատարմությունն ու բացառել դավաճանությունը: Պուտինն առայժմ չի ցանկանում փորձարկումներ անել: Առաջարկված զրոյացումը բոլոր կողմնակիցները բնութագրում են քայլ՝ ուղղված կայունության պահպանմանը: Միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինն իշխանության ղեկին է արդեն 20 տարի: Սահմանադրության ներկայիս արագ խմբագրումը վկայում է համակարգի կայունությունն ապահովելու անկարողության մասին: Ստացվում է, որ այս տարիներին Ռուսաստանում գործել է միայն մեկ ինստիտուտ` անձնական իշխանությունը, Պուտինի հեղինակությունը: