Եվրոպայում այլևս չկա երկիր, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքեր արձանագրված չլինեն՝ Չեռնոգորիան գրանցեց վարակի առաջին երկու դեպքերը: Սերբիան պարետային ժամ է հայտարարում և տարեցներին խորհուրդ չի տալիս տնից դուրս գալ: Սահմանափակումներ են գործում գրեթե բոլոր երկրներում:
Վերջին մեկ օրում ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 800 մարդ, զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 8000-ին: Վիճակն Իտալիայում շարունակում է մնալ ամենածանրը՝ վերջին մեկ օրում 345 մարդ է մահացել, մոտ 32 000 մարդ վարակված է: Հիվանդության դեպքեր արդեն գրանցվել են ԱՄՆ բոլոր 50 նահանգներում, զոհերի թիվը երկրում արդեն գերազանցում է 100-ը:
Վարակի տարածման դեմ պայքարի հիմնական մեթոդը մեկուսացումն է, համաճարակաբանները չեն դադարում այդ մասին ասել:
Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է 21 նոր դեպք, հիվանդների ընդհանուր թիվը 114 է: Ռուսաստանի կառավարությունը խոստանում է «անհրաժեշտության դեպքում» արագորեն հիվանդանոցներ կառուցել: Մոսկվային մոտ գտնվող Գոլոխվաստովո գյուղում նման հիվանդանոց արդեն կառուցում են:
Բոլոր դաշնային թանգարանները, թատրոնները, կրկեսները փակվում են, Ռուսաստանը դադարեցրել է վիզաների տրամադրումը, սպորտային միջոցառումները դադարեցված են: Նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել առանց դեղատոմսի դեղորայքի առցանց վաճառք և կոչ արել քաղաքացիներին սնունդ գնել միայն անհրաժեշտ քանակությամբ: ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովայի հետ զրուցելուց հետո Ռուսաստանի նախագահը չի բացառել, որ սահմանադրական փոփոխությունների ապրիլի 22-ին նշանակված հանրաքվեն կարող է հետաձգվել, «եթե իրավիճակը պահանջի»: