Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը, իսկ մահվան դեպքերինը՝ 8 հազարը: Չինաստանում համաճարակն անկում է ապրում, վարակվածների թվի ամենամեծ աճը նկատվում է Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իրանում և ԱՄՆ-ում:
Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 475 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 3 000-ին, 34 000 մարդ հիվանդ է:
Համաճարակի հետ կապված՝ չեղյալ է հայտարարվել «Եվրատեսիլ» երգի մրցույթը:
Նիդերլանդներում Covid-19 ախտորոշվել է 2 000 մարդու մոտ, մահացել է 58 մարդ: Հոլանդիայի առողջապահության նախարարը կորցրել է գիտակցությունը խորհրդարանում համաճարակի հետ կապված քննարկման ժամանակ:
ԱՄՆ-ը ու Կանադան փակել են ընդհանուր սահմանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրում է համաճարակի դեմ պայքարի համար տնտեսությունը մոբիլիզացնելուն ուղղված օրենքներ:
Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ կորոնավիրուսի համաճարակից 264 մարդ է մահացել, վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 9 000-ը, համաճարակը տարածվել է Ֆրանսիայի բոլոր շրջաններում: Առանց լուրջ պատճառի տնից դուրս գալու արգելքի շրջանակում վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում ոստիկանությունը տուգանել է 4 000 մարդու: Երեկ հիվանդությունից մահացությունների թիվը կտրուկ աճել է՝ հիվանդանոցներում մահացել է 89 մարդ՝ նրանց մեծ մասը 65 տարեկանից բարձր մարդիկ են, և միայն 7 տոկոսը՝ ավելի երիտասարդ: Վերջին տվյալներով՝ 920 մարդ վերակենդանացման բաժանմունքներում է գտնվում:
Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է Covid-19- ի ևս 33 դեպք, այժմ հիվանդների թիվը մ150 է: Նոր դեպքեր են գրանցվում Ղազախստանում՝ արդեն 35 դեպք, Ղրղըզստանում, որտեղ մինչ օրս միայն 3 դեպք կա, իշխանությունները ծրագրում են արտակարգ դրություն հայտարարել:
Կիևում, որտեղ են խիստ սահմանափակումներ են կիրառվում և չի աշխատում մետրոպոլիտենը, տրանսպորտային ճգնաժամ է:
Համաշխարհային շուկաներում կորոնավիրուսի համաճարակի ճնշման տակ նավթի գնի հերթական անկումն է գրանցվել՝ բարելի դիմաց 25 դոլար, ռուսական ռուբլին կրկին արժեզրկվել է, փոխարժեքը հասել է մեկ դոլարի դիմաց 80 ռուբլու: