Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ամեն օր կրկնապատկվում է: Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի ներկայացրած վերջին տվյալներով՝ COVID-19-ի հայտնաբերման 1981 տեստից 359-ը դրական արդյունք են տվել: Վարակի հետևանքով 4 քաղաքացի է մահացել: 10 000 հոգի կարանտինում է: Երկրի ամբողջ տարածքում շարունակվում են արտակարգ միջոցառումները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զեհրա Սելջուկը հայտարարել է, որ պետությունը 2 միլիարդ լիրա է հատկացրել կարիքավոր մարդկանց դիմակներ և ախտահանիչ միջոցներ բաժանելու և ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Ուշադրության կենտրոնում հատկապես ծերերն են, 400 ծերանոցներում ավելացրել են բուժաշխատողների թիվը, ապրիլից նվազագույն թոշակը կբարձրանա 50 տոկոսով:
Ուսումնական հաստատությունների, մզկիթների, կինոթատրոնների, թատրոնների, ակումբների, հանրային այլ օբյեկտների միառժամանակյա փակման հետ մեկտեղ՝ աստիճանաբար փակվում են ձեռնարկություններ և խանութների ցանցեր:
Հետևելով իշխանությունների՝ տանը մնալու կոչերին, բազմաթիվ ընկերություններ հայտարարել են իրենց գործունեությունն առցանց շարունակելու մասին:
Իշխանություններն առայժմ չեն պատրաստվում երկրում արտակարգ դրություն սահմանել, շարունակվում են ախտահանման զանգվածային միջոցառումները: Հիվանդանոցներն աշխատում են արտակարգ ռեժիմով: