Գերմանիայի կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսական ճգնաժամի հաղթահարման հատուկ հիմնադրամի ստեղծման հնարավորությունը՝ DPA լրատվական գործակալությանը հայտնել են դաշնային կառավարությանը մոտ կանգնած իրազեկ աղբյուրները: Չի բացառվում, որ առաջիկայում հակաճգնաժամային հիմնադրամի հաշվեհամարներին կես միլիարդ եվրո կուտակվի: Հիմնադրամի գումարները կուղղվեն կորոնավիրուսի համաճարակից առավել ծանր կորուստներ կրած ընկերություններին աջակցելուն:
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները նաև չեն բացառել, որ համաճարակի հետևանքով սնանկացած ընկերությունը կարող են պետականացվել: Գերմանիայի ֆինանսների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Կոլբերգը այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ կառավարությունն այս առթիվ դեռևս որևէ վերջնական որոշում չի կայացրել: «Մենք միշտ էլ հստակորեն նշել ենք, որ կդիմենք անհրաժեշտ բոլոր քայլերին, որոնք հնարավոր կդարձնեն այս ճգնաժամի հաղթահարումը: Այդ միջոցառումների մի մասը Ֆինանսների նախարարը արդեն իսկ ներկայացրել է հանրությանը: Մենք այլ քայլերի ևս կդիմենք ընկերություններին և շարքային քաղաքացիներին օժանդակելու համար», - հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: