«Ժողովուրդը» գրում է․
«Երեկ շատերի համար անակնկալ Ազգային ժողովը երեկոյան արտահերթ նիստ գումարեց՝ առաջարկելով փոփոխություններ կատարել ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում, որոնք առնչվում են արտակարգ դրության կանոնների խախտմանը: Նախ` մինչև նիստի մեկնարկը հայտնի դարձավ, որ փոփոխություններ արվել են նաև ԶԼՄ-ներին վերաբերող կարգավորումներում, և մի փոքր մեղմացրել են դրույթները: Մասնավորապես, ԶԼՄ-ները արդեն կարող են ոչ միայն հրապարակել պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումները, այլև օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին և ՀՀ-ում հավատարմագրված ու ՀՀ անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումները:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փոփոխությունների արմատները խորն են: Իշխանության ներկայացուցիչները հասկացել են, որ այս դրությամբ ընդունված փաստաթղթով աշխատելը բարդ է, օրենսդրական բացեր կան, և որոշել են փոփոխություններ կատարել: Արտակարգ դրության ռեժիմի մասին նախագիծը կազմելուն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: Արդեն երեկվա նիստի ժամանակ առաջարկեցին խստացնել մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը: ԱԺ-ն որոշեց երկուշաբթի օրը կազմակերպել այս հարցի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը, իսկ մինչ այդ էլ առաջարկներ ներկայացնել»: