Ահազանգը մտահոգիչ է, տեղին է, բայց 5 տարվա ազատազրկումը շատ անհամաչափ պետական ներգործություն է և պետք որոշակիացնել մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջները՝ Ազգային ժողովում ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` «Քրեական օրենսգրքի ու վարչական իրավախախտումների մասին» օրենքի փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ:
Նա նշեց, որ «զանգվածային հիվանդացում» արտահայտությունը պետք է ճշտել, դա 10, 20, թե՞ 50 հոգուն է վերաբերում: «Նպատակը լավն է, բայց եկեք հասնենք ճիշտ միջոցներով, որ հետագայում չուղղվի պետության, կառավարության դեմ, դրա իրավական որոշակիության պակասից չշահեն այն մարդիկ, ովքեր կխաղան դրա վրա»,-ասաց նա: ԲՀԿ խմբակցությունից Արման Աբովյանը նշեց, որ խստացումը և պատասխանատվության ենթարկելը պարտադիր է, սակայն քնննարկվող օրենքը պետք է լինի հստակ և հասկանալի ՀՀ քաղաքացիների համար: Նա նշեց, որ իրենք աշխատում են առաջարկների շուրջ, որ կներկայացնեն: «Յուրաքանչյուր քայլ, որը բերելու է ՀՀ քաղաքացիների անվտանգության բարձրացմանը, միանշանակ ողջունելի է, բայց բոլոր քայլերը պետք է լինեն հաշվարկված և գրագետ»,-ասաց նա: