Սպիտակ տան կողմից կորոնավիրուսի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործողությունները բավարար չեն՝ անցած գիշեր հայտարարել է Վերմոնթից ընտրված անկախ սենատոր Բերնի Սանդերսը: Եթե ամերիկյան պատմության մեջ եղել է մի ժամանակահատված, երբ Կոնգրեսը, հաշվի առնելով ճգնաժամի աննախադեպ ծավաները, պետք է աննախադեպ քայլերի դիմեր, այսօր հենց այդ պահն է:
Հանրապետականների ներկայացրած առաջարկը խիստ թերի է: Կառավարության նպատակը պետք է լինի շարքային քաղաքացիներին, այլ ոչ թե ավիաընկերություններին կամ տուրիզմի ոլորտին ուղղակի օժանդակության ցուցաբերումը՝ ասել է Սանդերսը:- Սպիտակ տունը և Կոնգրեսի դեմոկրատական մեծամասնությունն այս շաբաթա սկզբին էին ընդհանուր հայտարարի եկել կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների դեմ հակաճգնաժամային փաթեթի ընդունման շուրջ: Նախագահ Դոնալդ Թրամփի թիմակիցների առաջարկով նախատեսվում է երկրում տնտեսական խոր ճգնաժամը կանխելու նպատակով ընդհանուր առմամբ շուրջ 1 տրիլիոն դոլարի օգնություն տրամադրել ինչպես շարքային քաղաքացիներին, այնպես էլ ճգնաժամից առավել տուժած ընկերություններին:
Հակաճգնաժամային փաթեթի վերջնական հաստատման շուրջ բանակցությունները շարունակվելու են նաև առաջիկա օրերին: Սենատում ներկայացված դեմոկրատների համոզմամբ, սակայն, հանրապետականները խնդիրը դիտարկում են նախևառաջ տնտեսական տեսանկյունից, ինչը սխալ է: Եթե մենք արդյունավետ չպայքարենք առողջապահական ճգնաժամի դեմ, մեր որևէ քայլ տնտեսության վիճակը չի բարելավի,- Սենատում ասել է դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը: