Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պայմաններում կյանքն ամբողջ աշխարհում այլ ընթացք է ստացել։ Շատ երկրներում փակվել են աշխատավայրերը, ժամանցի վայրերն ու դպրոցները, իշխանությունները կոչ են անում մարդկանց տանը մնալ։ Ինքնամեկուսացումը կամ կարանտինը կարող է հիանալի առիթ լինել ձեր մտավոր և ֆիզիկական զարգացման հարցում առաջնահերթություններ սահմանելու համար։ Եթե ցանկանում եք ձեր ազատ ժամանակն օգտագործել արդյունավետ աշխատանքի համար, mentalfloss-ը ներկայացնում է մի շարք պատմական օրինակներ։
Ուիլյամ Շեքսպիր
Անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրն իր «Լիր արքա», «Մակբեթ», «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունները գրել է կարանտինի ժամանակ։ Շեքսպիրը թագավորական թատրոնի դերասան ու բաժնետեր էր, երբ բուբոնային ժանտախտը 17-րդ դարի սկզբին ստիպեց լոնդոնյան թատրոններին փակվել։ 1606-ին թատրոնները կաթվածահար էին գրեթե ամբողջ տարին: Շեքսպիրը, գիտակցելով, որ այլևս չունի մշտական աշխատանք և փոխարենն ունի շատ ժամանակ, սկսել է գրել։
Իսահակ Նյուտոն
Մի քանի տասնամյակ անց՝ 1665-ին, Անգլիայում բուբոնային ժանտախտի վերջին խոշորագույն բռնկումներից մեկն էր։ Քեմբրիջի համալսարանում դասերի չեղյալ հայտարարելուց հետո 20-ամյա Իսահակ Նյուտոնը ստիպված էր վերադառնալ հայրենի կալվածք, որ այնտեղ շարունակի իր հետազոտությունները։ Քանի որ երիտասարդ մաթեմատիկոսը կարիք չուներ անհանգստանալու պրոֆեսորների էլեկտրոնային նամակներին պատասխանելու կամ դասասենյակներում տեսակոնֆերանսներ անցկացնելու մասին, ազատ ժամանակն օգտագործում էր ինքնակրթության և հետազոտությունների նպատակով։ Երիտասարդ մաթեմատիկոսն իր լավագույն աշխատանքներից մի քանիսը գրել է կարանտինի մեկ տարում։ Հենց այդ ժամանակ է ծնվել նրա ձգողականության տեսությունը։
Էդվարդ Մունկ
Էքսպրեսսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից նորվեգացի թատերական նկարիչ, գեղանկարիչ Էդվարդ Մունկը ոչ միայն ականատես է եղել, թե ինչպես է իսպանական գրիպի համավարակը փոխում աշխարհի ընթացքը, այլև 1919-ի սկզբին վարակվել է այդ հիվանդությամբ և, բարեբախտաբար, հաղթահարել։ Հիվանդության օրերին, երբ նկարիչը մեկուսացել էր բոլորից, Մունկը հավաքում է իր նկարչական պարագաներն ու պատկերում իսպանական գրիպի օրերին իր ֆիզիկական վիճակը։ Self-Portrait with the Spanish Flu հայտնի ինքնադիմանկարը պատկերում է հիվանդանոցային մահճակալի առջև հյուծված դեմքով և նոսր մազերով նստած նկարչին։
Թոմաս Նեշ
Եղիսաբեթյան ժամանակաշրջանի հայտնի դրամատուրգ Թոմաս Նեշը 1592 -ին Լոնդոնում բռնկված բուբոնային ժանտախտի պատճառով ստիպված է եղել մեկուսանալ Անգլիայի ծայրամասում՝ վարակից խուսափելու համար։ Հենց այդ ժամանակ է նա գրել իր Summers' Last Will and Testament հայտնի պիեսը, որն արտացոլում է համաճարակի ժամանակ նրա ապրումները։
Ջովաննի Բոկաչո
Իտալացի գրող և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ Ջովաննի Բոկաչոն անձամբ տուժել է բուբոնային ժանտախտից։ Երբ 1348-ին հիվանդությունը խոցեց Ֆլորենցիան, նրա հայրն ու խորթ մայրն այդ հիվանդության զոհը դարձան։ Բոկաչոն վերապրել է հիվանդության բռնկումը՝ փախչելով քաղաքից և թաքնվելով Տոսկանայի ծայրամասում: Այս ընթացքում նա գրել է վաղ իտալական Վերածննդի ամենահայտնի գրքերից մեկը՝ «Դեկամերոն» 100 նովելների հավաքածուն, որ պատմում է մի խումբ ընկերների մասին, որոնք վիրուսով վարակված հեռանում են քաղաքից 2 մղոն հեռավորության վրա գտնվող առանձնատուն։