«Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով», - Ֆեյսբուքում գրել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի և Ռուսաստանի իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին: Փոխվարչապետն ընդգծում է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք: «Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից», - ասված է Ավինյանի գրառման մեջ:
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ «ՀՀ քաղաքացիների մեկանգամյա տեղափոխումը իրականացվել է 5 ավտոբուսներով և 4 միկրոավտոբուսներով, իսկ ՀՀ քաղաքացիների մարդատար ավտոմեքենաները Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղակայվել են շուրջօրյա վերահսկողություն ունեցող հատուկ կայանատեղիում»: «Արդեն երրորդ օրն է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը գտնվում էր Վերին Լարսի անցակետում, որտեղ համակարգում էր ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու աշխատանքները, պատասխանում էր ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերին և աջակցում նրանց առջև ծառացած այլ խնդիրների հասցեագրմանը: Շնորհակալ ենք ճգնաժամային իրավիճակում հայտնված բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցուցաբերել են ողջամտություն և ըմբռնում, և դրանով իսկ աջակցել են մեր դիվանագետների աշխատանքին: Կոչ ենք անում նմանատիպ իրավիճակներում հայտնված մեր բոլոր քաղաքացիներին հանդես բերել քաղաքացիական բարձր գիտակցություն, չտրվել առանձին սադրանքների և չխանգարել մեր դիվանագետների աշխատանքը, որը միտված է նախ և առաջ ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը», - ասված է Աննա Նաղդալյանի հայտարարությունում: