Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցած օրում աճել է ևս 30-ով՝ հասնելով 190-ի՝ հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը: Բուժվածների թիվը երկուսն է:
Մարտի 21-ին, դեպքերի թիվն աճել էր 24-ով` հասնելով 160-ի: Երեկ, երբ դեպքերի թիվը դեռևս 160-ն էր, Առողջապահության նախարարությունից հայտնել էին՝ 133-ը փոխկապակցված են Էջմիածնի նշանդրեքի ու Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող արտադրամասի հետ, մնացած 27 հիվանդների հետ սերտ շփում ունեցած անձինք մեկուսացված են, շփումների մյուս շրջանակն էլ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Վարակվածների վերաբերյալ տվյալները Առողջապահության նախարարությունն արդեն թարմացնում է օրը մեկ անգամ՝ առավոտյան ժամը 10-ին։ Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն արձանագրվել է մարտի 17-ին, երբ հայտարարվեց 33 հաստատված դեպքի մասին։ Իսկ հաջորդող օրերին ավելի քիչ դեպքեր են արձանագրվել։