ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը ազգային գվարդիա է ուղարկում երեք նահանգներ, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի համաճարակից ՝ Կալիֆորնիա, Նյու Յորք և Վաշինգտոն: Նյու Յորքը դարձել է համաճարակի էպիկենտրոն, հիվանդների կեսը հենց այստեղ է, աշխարհում վարակվածների ընդհանուր թվի շուրջ հինգ տոկոսը բաժին է հասնում այս նահանգին: Կիրակի օրվա դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է 33500 վարակի դեպք, 400-ը մահացել է: ԱՄՆ-ը դարձել է վարակվածների թվով երրորդ երկիրը Չինաստանից և Իտալիայից հետո:
Նախագահ Դոնալդ Թրափի հանձնարարականով ազգային գվարդիան նահանգային կառավարություններին օգնելու է դաշնային բժշկական կետերի տեղակայման և հարյուրավոր տոննա դիմակներ, բժշկական համազգեստ, արհեստական շնչառության և այլ սարքավորումներ բաժանելու հարցում:
Մի խումբ նահանգապետեր, այդ թվում՝ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, անցած օրերին Սպիտակ տանը կոչ էին արել երկիրը բժշկական սարքավորումներով ապահովելու հարցին համազգային բնույթ տալ: Նրանց խոսքերով՝ նահանգապետերը ստիպված են շուկայում իրար հետ մրցել՝ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար: «Դաշնային կառավարությունները պետք է հրամայեն գործարաններին՝ դիմակներ, բժշկական նշանակության հագուստ, արհեստական շնչառության և այլ անհրաժեշտ սարքավորումներ արտադրեն, որոնցից կախված կլինի մարդկանց կյանքը կամ մահը», - կիրակի օրը հայտարարել է Կուոմոն՝ հավելելով, որ այդ ամենը դժվար չէ, սակայն պետք են ընկերություններ, որոնք կզբաղվեն այդ հարցով: Նյու Յորքում մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի համաճարակը շատ ավելի մեծ թափով կարող է տարածվել, քանի որ անհրաժեշտ բուժսարքավորումները սպառվում են:
«Այդ պակասը կզգացվի արդեն 10 օրից, եթե մենք չկարողանանք լրացուցիչ արհեստական շնչառության սարքավորումներ ձեռք բերել, մարդիկ կսկսեն մահանալ», - ասել է Նյու Յորքի քաղաքապետ Դե Բլազիոն:
Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար, փոխնախագահ Մայք Փենսը կիրակի օրը հայտարարել է, որ ամերիկյան կոմերցիոն լաբորատորիաները պետք է առաջնահերթությունը տան ստացիոնար պայմաններում մարդկանց թեստավորելուն: Փենսի խոսքով՝ երկրում այս պահի դրությամբ թեստավորվել է 254 000 մարդ: Նոր թեստավորման համակարգը, որը թույլ կտա պատասխանը ստանալ 45 րոպեում, պատրաստ կլինի առաջիկա շաբաթավերջին: Հարցին՝ ապօրինի միգրանտները ևս կարող են թեստ հանձնել հիվանդանոցներում կամ կլինիկաներում՝ չվախենալով ձերբակալությունից, ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել: «Եթե չկա նման քաղաքականություն, ես կսահմանեմ», - հավաստիացրել է նա: Երեկվա ասուլիսում Թրամփն ի վերջո օգտագործել է կորոնավիրուս տերմինը՝ նախկինում համառորեն անվանում էր «չինական վարակ», որ, ընդդիմախոսների կարծիքով, ռասիստական ձևակերպում է: