«Թուրքիան այլևս ի վիճակի չէ փախստականների նոր խմբեր ընդունել` լինի Սիրիայից, թե որևէ այլ երկրից», - Financial Times-ում այսօր գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «ԵՄ անգործությունը` բիծ մարդկության խղճի վրա» վերնագրված հոդվածում նա պնդում է, որ վերջին տարիներին Թուրքիան 40 միլիարդ դոլար է ծախսել սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար:
«Մեր երկիրը, սակայն, այլևս ի վիճակի չէ միայնակ պաշտպանել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի սահմանները», - նշել է Չավուշօղլուն: Նրա կարծիքով՝ Արևմուտքը որևէ գործնական քայլի չի դիմում Իդլիբում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար: «Այդ իսկ պատճառով վերջին 9 տարում Իդլիբում 3,5 միլիոն մարդ է կուտակվել: Այդ շրջանը վերածվել է նոր Գազայի հատվածի», - պնդել է Չավուշօղլուն: