Աշխարհում հայտնել են գործարար ակտիվության նվազման ֆոնին տնտեսության աճի դանդաղման հետևանքով սկսվող նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին, հայտնում է Reuters գործակալությունը` հղում տալով հարցված տնտեսագետներին։
Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ ՀՆԱ-ի աճը 2020-ի արդյունքներով տատանվում է - 2-ից մինչև + 2,7 տոկոսի սահմաններում․ միջնարժեքը հավասար է 1,6 տոկոսի։ Արժույթի միջազգային հիմնադրամում (IMF) համաշխարհային ռեցեսիա են համարում այն իրավիճակը, երբ տնտեսական աճը 2,5 տոկոսից ցածր է: Իրավիճակի զարգացման հիմնական սցենարները վերջին ամսում վերլուծաբանների առավել հոռետեսական կանխատեսումներն են: Նրանց կարծիքով՝ 2020-ի ռեցեսիան համեմատելի կլինի 2008-2009 և 1981-1982 թվականների իրավիճակների հետ: Տնտեսական աճի դանդաղումը կապված է կորոնավիրուսի համավարակի և ՕՊԵԿ+-ի գործարքից Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի դուրս գալու հետևանքով նավթի գների կտրուկ անկման հետ։ Տնտեսագետները նշում են, որ արդեն ռեցեսիա է գրանցվել ԱՄՆ-ի, եվրոգոտու և Ճապոնիայի տնտեսություններում, որոնք կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի մեկ երրորդը: Ակնկալվում է, որ տնտեսական անկման շրջանն առնվազն մինչև 2020 թվականի կեսը կտևի։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ 99 000-ը: