Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում հանգեցրել է օդի աղտոտվածության մակարդակի զգալի նվազմանը, ցույց են տալիս Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակային լուսանկարները, գրում է The Guardian-ը։ Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակի տվյալները ցույց են տալիս, որ վերջին վեց շաբաթում Ասիայի և Եվրոպայի քաղաքներում ազոտի երկօքսիդի (NO2) մակարդակը զգալիորեն ցածր է 2019-ից: Լեսթերի համալսարանի օդի աղտոտման ամբիոնի պրոֆեսոր Փոլ Մոնքսի խոսքով՝ սա կարևոր դաս էր ապագայի համար։ «Այժմ մենք ակամայից ականատես ենք լինում պատմության մեջ ամենամասշտաբային փորձարկմանը, և սա օրինակ է, թե ինչ կարող ենք տեսնել ապագայում, եթե կարողանանք անցնել ցածր ածխածնային տնտեսությանը։ Չեմ ուզում անտեսել մարդկային կյանքերի կորստի փաստը, բայց սա կարող է մեզ ապագայի հանդեպ հույս ներշնչել»,- ասել է նա։
Աղտոտվածության մակարդակի ամենամեծ անկումներից մեկը կարելի է դիտարկել Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ հունվարին բռնկվել էր կորոնավիրուսի համաճարակը։ 11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում հարյուրավոր գործարաններ են աշխատում, որոնք ավտոմոբիլային մասեր և այլ սարքավորումներ են մատակարարում ամբողջ աշխարհում։ ՆԱՍԱ-ի տվյալներով՝ վերջին մի քանի շաբաթներում արևելյան և կենտրոնական Չինաստանում ազոտի երկօքսիդի մակարդակը նորմայից 10-30 տոկոսով ցածր է: